«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի ամփոփում

Ամփոփելով կրթահամալիրում անցկացրած մեր հինգ օրձրը վստահ կարող եմ ասել, որ անկացրեցինք հագեցած, տպավորիչ և ուսուցողական պարապմունքներ: Ունեցանք բավականին օգտակար ծրագրային պարապմունքներ, ծանոթացանք շատ լավ մասնագետների հետ՝ ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին մեզ հետ այս օրերին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց՝ ովքեր ճամբարի ընթացքում մեր կողքին էին և ցուցաբերում էին ջերմություն, նվիրվածություն և ուշադրություն: հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Անահիտ Հարությունյանին և Լուսինե Փաշայանին՝ ովքեր կարծես մեր ավագ ընկերները լինեին: Իզուր չէր, որ այս ծրագիրը կոչվում էր «Իմացումի հրճվանք», քանի որ մենք մեծ հրճվանք ապրեցինք մեր ճամբարի ողջ ընթացքում: Բոլորը մի պահ նույնիսկ տխրեցին, քանի որ իսկապես հասցրեցինք մտերմանալ: Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է…

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Վերջին օր

Այսօր մեր մանկավարժական ճամբարի վերջին օրն էր: Այն ունեցավ տպավորիչ և խորիմաստ մեկնարկ: Միասնական պարապմունքը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում: Ներկա էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ողջ աշխատակազմը: Բոլորը միասնական աղոթեցին և կատարեցին հոգևոր երգեր: Այնուհետև շարունակեցինք մեր ծրագրային վերջին պարապմունքը Գևորգ Հակոբյանի հետ: Ունեցանք բավականին տպավորիչ և օգտակար պարապմունք: Ընկեր Գևորգը մեզ բազմաթիվ մասնագիտական խորհուրդներ տվեց: Բոլորս ցուցադրեցինք մեր պատրաստած ժամացույցները: Ճամբարի բոյոր մասնակիցների հետ այս օրերին այնքան էինք մտերմացել, որ ճամբարի ավարտը նույնիսկ մի փոքր տխուր էր: Սակայն մենք չցանկացանք ավարտված համարել մեր պարապմունքները և նախաձեռնեցինք կամավոր հեծանվավարություն, որն ի դեպ , բավականին լավ ստացվեց: Մեր նախաձեռնությունն այսքանով չավարտվեց և մենք ունեցանք նաև նետաձգության կամավոր պարապմունք: Այսօր մասնակցեցինք նաև մի աննախադեպ դաշնամուրային համերգի,որը տեղի ունեցավ Մայր դպրոցի համերգասրահում: Համերգի հատուկ հյուրը Միքայել Ամյանն էր, ով իր դաշնամուրային հրաշալի կատարումներով մեծ հաճույք պատճառեց համերգի բոլոր մասնակիցներին՝ նույնիսկ կրթահամալիրի փոքրիկ սաներին:

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր չորրորդ

Այսօր մեր օրը սկսեցինք արդեն հարազատ դարձած Մայր դպրոցում և ունեցանք շատ աշխույժ ընդհանուր պարապմունք: Տեղափոխվելով Արևմտյան դպրոց շարունակեցինք մեր ազգագրական երգերի ու պարերի պարապմունքը ընկեր Մարիամի հետ: Սովորեցինք տպավորիչ և ոգևորող պարեր ևորից վերրհիշեցինք նախորդ պարապմունքից արդեն սովորած և հարազատ դարձած պարերն ու երգերը: Մեր ծրագրային պարապմունքն անցկացրեցինք Զառա Ոսկանյանի արվեստանոցում: Կավով աշխատանքը մեծ հաճույք է պատճառում: Այսօր արդեն մեզանից յուրաքանչյուրը կավից պատրաստեց իր նախընտրած զարդը: Այնուհետև դուրս եկանք բակ և սկսեցինք կատարել պարտիզպուրակային աշխատանք: Ընկեր Էդմոնը մեզ ծանոթացրեց հողագործական աշխատանքին: Բոլորը մեծ ոգևորությամբ մասնակցում էին աշխատանքներին: Շատ հաճելի և աշխատանքային մթնոլորտ էր տիրում: Բնության մեջ ցանկացած աշխատանք պռտք է կատարել մեծ սիրով և նվիրումով:

Շտապե՜ք երեխաներ, թռչել ենք սովորելու: Շ. Ամոնաշվիլի (վերլուծություն)

Շ. Ամոնաշվիլիի մտքերն ուսումնասիրելով եկել եմ այն եզրահանգմանը, որ կյանքում միշտ պետք է հետևել սրտի թելադրանքին և այն մեզ կուղորդի դեպի ճշմարիտը: Միայն թե դա պետք է անել մեծ հավատով: Սիրտը կարող է սովորեցնել ամեն ինչ և կտա բոլոր դժվարին և հուզող հարցերի պատասխանները: Կյանքի մյուս կարևորագույն խնդիրներից է երեխայի ճիշտ դաստիարակությունը, որը պետք է կատարել մեծ նվիրումով և իմաստություն հաղորդելով: Անհրաժեշտ է երեխային ծանոթացնել կյանքի թռիչքներին: Արդյունքում մենք ականատես կլինենք մի աներևակայելի թռիչքի՝ դեպի նոր և ինքնուրույն կյանք: Մանկավարժության մեջ նույնպես հարկավոր է երեխային սովորեցնել թռչել, որպեսզի նրանք ստեղծեն իրենց գիտելիքների թռիչքուղին և երբեք չխոչընդոտել նրանց մտքի քռիչքին: Մանկավարժը պետք է հետևի, որ երեխան չսայթաքի և միշտ քաջալերի նրա թռիչքները: Այդ ամենը հարկավոր է անել հույսով, հավատով և մեծ նվիրումով: Մանկավարժի ամենակարևոր և առաջնային սկզբունքը պետք է լինի այն, որ երբեք չբռնանա երեխայի մտքի և կամքի վրա:

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր երրորդ

Այսօր մեր ճամբարի երրորդ օրն էր: Մայր դպրոցում ունեցանք ընդհանուր պարապմունք՝ ազգագրական երգերի ու պարերի ուղեկցությամբ: Այնուհետև ուղևորվեցինք Արևմտյան դպրոց և սկսեցինք մեր ծրագրային պարապմունքները: Զառա Ոսկանյանի ծիսական արվեստանոցում սովորեցինք կավով աշխատել: Կարմիր կավից պատրաստեցինք շատ յուրահատուկ զատիկներ: Շարունակեցինք մեր օրը փոքրիկների հետ՝ երգերով, պարերով և հետաքրքիր խաղերով: Պարապմունքն ավարտելուց հետո րեխաների հետ գնացինք Ագարակ: Այսօր Ագարակին փորձեցինք ծանոթանալ արդեն փոքրիկների հիացած աչքերով: Տեսնելով նրանց ոգևորվածությունը, մեծ սերը և կենդանիներին խնամելու իրենց չափազանց տպավորիչ մոտեցումը՝ մեծ հիացմունք ապրեցինք և դրական լիցքերով շարունակեցինք մեր պարապմունքը: Անցկացրեցինք հերթական շախմատի պարապմունքը և ավելացրեցրնք մեր գիտելիքները: Այսօրվա օրը նույնպես տպավորիչ էր, քանի որ այդ ամենին զուգահեռ դրսում վայելում էինք գարնանային արևն ու նոր ծաղկած ծառերի անուշ բույրը:

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Այսօր մեր ճամբարի երկրորդ օրն էր: Օրվա մեկնարկը տրվեց Մայր դպրոցում՝ ազգագրական երգերի և պարերի ուղեկցությամբ: Մարմարյա սրահում տիրում էր հայրենասիրական տրամադրություն: Այնուհետև մեր ծրագրային պարապմունքը շարունակեցինք Արևմտյան դպրոցում: Ընկեր Մարիամի հետ անցկացրեցինք շատ հագեցած պարապմունք: Սովորեցինք բավականին տպավորիչ զատկական երգեր ու պարեր: Այնուհետև ուղևորվեցինք Ագարակ, որպեսզի ծանոթանաինք կենդանիների խնամքին: Տեսնելով այդ հրաշք ձիերին մեծ հիացմունք ապրեցինք և սկսեցինք ընկեր Էդմոնի ուղեկցությամբ խնամել ձիերին: Մեզ հնարավորություն ընձեռեցին նաև հեծնել Մաշա անունով ձիուն: Բոլորի մոտ մեծ ոգևորություն առաջացավ և ստացանք աննկարագրելի էմոցիաներ: Դրական լիցքերով շարունակեցինք մեր ծրագրային պարապմունքը Լուսինե Փաշյանի հետ և քննարկեցինք «Իմացումի հրճվանք» ծրագիրը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ովքեր փորձառությամբ և ջերմ վերաբերմունքով մեզ հետ իրականացնում են շատ տպավորիչ և օգտակար պարապմունքներ:

Ջոն Հոլթ: «Մանկական հիշողությունների երաշխիքը» (վերլուծություն)

Ջոն Հոլթի «Մանկական հիշողություններ» հոդվածն ուսումնասիրելով կարելի է առանձնացնել որոշ դիտարկումներ: Իր հոդվածում հեղինակն աստիճանաբար զարգացնում է այն միտքը, որ երեխային պետք է ազատ թողնել, բայց միևնույն ժամանակ շատ զգուշությամբ սովորեցնել: Ծնողական դաստիարակությունը նույնպես պետք է իրականանա այդ սկզբունքներով: Երեխաներին անընդմեջ հարկավոր է ոգևորել և հնարավորություն տալ ինքնուրույն ինչ֊որ բանի հասնել: Դա նրանց մեջ առաջացնում է ավելին անելու ցանկություն և ունենում է իր դրական արդյունքը: Մանկավարժի ոչ ճիշտ մոտեցումը կարող է երեխայի մոտ առաջացնել հիասթափություն և հանգեցնել բացասական արդյունքի: Իմ մանկավարժական փորձն ինձ հուշում է, որ երեխաները պահանջում են շատ նուրբ մոտեցում : Հարկավոր է յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում, սակայն չառանձնացնել ընդհանուրից:

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Այսօր մեկնարկեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական նորարարության «Բարեկամություն» գարնանային ճամբարը: Բարեկամություն բառն իսկապես բնորոշ է այս կրթահամալիրին, քանի որ այստեղ միշտ գերիշխում է բարեկանական, ընկերական և ջերմ մթնոլորտ: Ես ճամբարի մասնակիցներից մեկն եմ: Ճամբարի մեկնարկը տրվեց Մայր դպրոցում: Այն սկսվեց մեծ խանդավառությամբ՝ երգերի ու պարերի ուղեկցությամբ: Մեր հագեցած և տպավորիչ օրը սկսվեց Արևմտյան դպրոցում՝ մեզ արդեն ավագ ընկեր դարձած Անահիտ Հարությունյանի ուղեկցությամբ: Սկսեցինք մարմնամարզական նախավարժանքով, քանի որ առողջ ապրելակերպ վարելը կրթահամալիրի կարևոր սկզբունքներից մեկն է: Հայկուհի Հովհաննիսյանի օգնությամբ մենք կատարեցինք մեր ծրագրային նախավարժանքը: Այնուհետև միացանք գեղեցիկ փոքրիկներին և նրանց օգնությամբ ունեցանք դրական լիցքերով հագեցած պարապմունք: Առնոլդ Միքաելյանը մեզ հետ անցկացրեց շախմատի պարապմունք: Մեզ միացավ մայրենի լեզվի մասնագետ Մարիետ Սիմոնյանը և ծանոթացրեց հեռավար ուսուցման մեթոդներին: Այսօր ես մի նոր և հետաքրքիր օր ունեցա և ուրախ եմ, որ «Մուտք կրթահամալիր» ճամբարի մասնակից եմ:

Yo quiero y yo puedo

Ջեզ եմ ներկայացնում օտար լեզվի ուսուցման իմ ծրագիրը: Օտար լեզվի ուսուցման հիմնական նպատակն է սովորողի մոտ խոսակցական, հաղորդակցական, օտար լեզվով միմյանց հետ շփվելու հմտությունների ձևավորումն ու զարգացումը: Կարևոր խնդիր և նպատակ է նաև ստացած գիտելիքների և հմտությունների գործածման կարողության զարգացումը: Լեզվի ուսուցման խնդիրները . Կրտսեր դպրոցում անհրաժեշտ է իրականացնել սովորողի ծանոթացում֊ընտելացումը նոր, իր համար լիովին անծանոթ լեզվին: Այս տարիքում այդ ծանոթացումը հիմնականում իրականացվում է երգերի, մուլտֆիլմերի և խաղերի միջոցով:: Դասավանդման առաջին իսկ փուլից անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ամեն պարապմունքին ներմուծել մեկ֊երկու առօրյա արտահայտություն, դրանք անընդմեջ գործածել և կրկնել: Ձևավորել սովորոդի՝ իսպաներեն լեզվի մասին տարրական պատկերացում երգերի, ոտանավորների, պարզ արտահայտությունների, հարց ու պատասխանի միջոցով: Զարգացնել լսելու, խոսելու և հասկանալու հմտությունները: Հարկավոր է անընդհատ օգտագործել գրատախտակը և բացատրել այնպես, որ երեխայի վիզուալ հիշողության մեջ դա ավելի տպավորիչ լինի: Դա կատարել տարբեր գծապատկերների, սլաքների և ինչու չէ նաև նկարների միջոցով: Կրտսեր դպրոցում այդ ծրագիրը կարելի է անվանել Yo quiero… որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է Ես ցանկանում եմ… Այսինքն երեխան ցանկանում է սովորել նոր և օտար լեզու: Ավագ դպրոցի ծրագիրն անվանել եմ Yo puedo… որը թարգմանաբար նշնակում է Ես կարողանում եմ… Այսինքն կրտսեր դպրոցից ձեռք բերած գիտելիքներն արդեն կարողանում են օգտագործել և խորացնել իրենց օտար լեզվի իմացությունը: Ուսումնական ծրագիրը կարող է տարբերվել՝ կախված դասի նպատակից, եղանակային պայմաններից և կազմակերպման ձևից: Կրթահամալիրի ընդարձակ և թափանցիկ սենյակները, ինչպես նաև տարբեր մասնաճյուղերի հագեցած միջավայրերը հնարավորություն են ընձեռում իրականացնել ավելի տպավորիչ և արդյունավետ դասապրոցեսներ: Այդ ամենը կարելի է իրականացնել դաս֊խաղերի, ընթերցումների, երգերի, երգխոսությունների ինչպես նաև տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով: Որպես աշխատանքային նյութեր կլինեն վերջին տարիներին հրատարակված իսպանական դասագրքեր, որոնք սովորողները կունենան ներբեռնված իրենց համակարգիչներում: Ինչպես նաև կլինեն բազմաթիվ հետաքրքիր նյութեր և նկարներ, որոնք պարբերաբար կհրապարակվեն բլոգներում: Որպես իմ ուսումնական ծրագրի գերխնդիր ես ցանկանում եմ նշել, որ յուրաքանչյուր սովորող հանդիսանում է լիարժեք անհատականություն և հարկավոր է ցուցաբերել մաքսիմալ անհատական և հետևողական վերաբերմունք և չփորձել տարանջատել ներառական երեխաներին մյուսներից: Եթե ցանկանում են ուրեմն կարող են սովորել տվյալ օտար լեզուն: